Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վերջին զանգի շոուներին պետք է վերջ դրվի»

«Վերջին զանգի շոուներին պետք է վերջ դրվի»
27.05.2016 | 00:43

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Պատկան մարմինները` ԿԳ նախարարությունը և քաղաքապետարանը, կոչ են արել այս տարի զուսպ նշել ավարտական միջոցառումը, սակայն, այս օրերին հետևելով դպրոցներում շրջանառվող գումարներին, ակնհայտ է դառնում, որ անհարկի ծախսերը շատ շատ են: Այս բոլորին գումարվում է նաև դպրոցի տնօրենին «բաշխվող» հաստատագրված գումարը, որը մի դպրոցում կարող է բավականին համեստ լինել, մյուսում հասնել անպատկերացնելի չափերի:
Օրերս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրավոր դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի մասին: Կազմակերպությունը ահազանգեր էր ստացել Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցների վերաբերյալ:


Դրամահավաքն իրականացվել է ավարտական դասարաններում (4-րդ, 9-րդ և 12-րդ)` «տնօրենին տալու» համար: ԹԻՀԿ-ն նաև հաղորդում է, որ այս արատավոր երևույթը առկա է հանրապետության մյուս դպրոցներում ևս:
Վերջին զանգի «նորամուծությունները» տարեցտարի զարմանալի մասշտաբներ են գրանցում: Նախօրեին շրջանավարտներից մեկը մեզ պատմեց, որ վերջին զանգի պատրաստությունները սկսվում են դեռ ուսումնական տարվա սկզբից` սեպտեմբերից: Ամեն ամիս որոշակի գումար են հավաքում` սկսած հինգ հազարից, որպեսզի ծնողների տարեվերջյան ծանրաբեռնվածությունը մեծ չլինի: Յուրաքանչյուր աշակերտից հավաքած գումարից շուրջ քսան հազարը տրվում է տնօրենին: Ինչո՞ւ՝ զարմացա: «Բա քննությունները ո՞նց ստանանք»,- նույնքան զարմանքով հակադարձեց պատանին: Մնացած գումարը ծախսվում է ավարտական երեկոյի, տեսանկարահանման ու շատ այլ մանր-մունր, զիզի-բիզի բաների վրա:
Մի կողմ թողնելով, այսպես ասած, անիմաստ ծախսերն ու ավելորդ շքեղությունները, մեր ուշադրությունը գրավեց տնօրենին տրվող քսան հազարը: Ենթադրենք, միջին հաշվարկով մի դպրոցում կա 60 շրջանավարտ, որոնք 20000 դրամ «դոտացիա» են տալիս տնօրենին, արդյունքում նա 1200000 դրամի նվեր է ստանում իր սաներից: Ահա այսպիսի վերջին հրաժեշտ, որ արժե միլիոններ:


Խնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց երկար տարիներ տնօրեն աշխատած, ՀՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Նախ՝ կաշառակեր տնօրենների առնչությամբ պատգամավորի փաստարկը մեկն էր. պետք է հասցեական մատնանշել նրանց, որ պայքարն էլ այդպիսին լինի: ԹԻՀԿ-ն դպրոցների անուններ է հրապարակել, տեսնենք նախարարությունն ի՞նչ պայքար է տանելու: «Ճիշտ եք, սեպտեմբերը հենց գալիս է, ավարտական դասարանների համար թիվ մեկ մտահոգությունը վերջին զանգն է, և ծնողների ու աշակերտների ուշադրությունը կենտրոնանում է վերջին զանգի սցենարի, կազմակերպչական ծախսերի վրա: Կարծես կտրվում են բուն ուսումնական գործընթացից: Մենք պետք է տարանջատենք ծախսերը, այսինքն, հագուստի, խնջույքի և զուտ կրթական միջոցառման ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը` միաժամանակ հավելելով, որ այս պարագայում կպարզվի, որ երեխայի անձնական ծախսերն ավելի մեծ են (թանկարժեք կոշիկ, մի քանի հագուստ և այլն): Խստիվ արգելվում է դպրոցում դրամահավաքը՝ վստահեցրեց տիկին Մուրադյանը, վերստին ընդգծելով, որ չի կարելի տնօրեններին ճոխ նվերներ տալ: Վերհիշելով իր դպրոցական տարիները, պատգամավորն ասաց, որ փոխվել են և՛ ծնողների, և՛ աշակերտների մոտեցումները: «Այն ժամանակ մեր երեխաների ծննդյան արարողությունները չէինք նշում այնպիսի ժամանցային վայրերում, ինչպես այսօր են վարվում, շոուներով ու մեծ հանդիսությամբ: Մենք մեր հարսանիքները նշո՞ւմ էինք այն ձևով, ինչ հիմա է: Հիմա հարսանիքը շոու ծրագիր է»,- շեշտեց Մուրադյանը, նշելով, որ դպրոցին առնչվող ոչ մի երևույթ չպետք է գռեհկացնել. «Չի կարելի հանցագործներ փնտրել դպրոցների ներսում»: Ո՞րն է ելքը, ի՞նչ անել, որ վերջին զանգը դառնա գեղեցիկ արարողություն, ոչ թե գլխացավանք՝ ծնողների, և եկամտաբեր բիզնես՝ տնօրենների համար: Ռուզան Մուրադյանն ունի իր դեղատոմսը: Կարևորելով դպրոցի դաստիարակչական ազդեցությունը, պատգամավորն իր վրդովմունքը հայտնեց. «Վերջին զանգի շոուներին պետք է վերջ դրվի, դրանք չկայացած հումորներ, եթերից լսած անհաջող բառապաշարի կրկնօրինակում են, ֆիլմերի, սերիալների ինչ-ինչ չստացված կադրեր: Պետք է դասական ոճով կազմակերպել հրաժեշտի արարողությունը: Դրա լավագույն ձևը վերջին դասն է, որտեղ շնորհակալության խոսքեր, բարեմաղթանքներ կհնչեն, ծնողն էլ իր երախտիքը կհայտնի մանկավարժներին: Այնքան ենք այդ ճոխություններին տուրք տվել, որ դրա չափն էլ են անցել: Ոչ միայն այս տարի, այլև միշտ է զսպվածություն պետք»:
Որպես օրինակ բերելով «ավարտական» սցենարներին տրվող գումարները, պատգամավորն իր տարբերակն առաջարկեց: Դա պետք է լինի ուսուցչի և երեխայի ստեղծագործական աշխատանքը: «Չընկնենք ավելորդ շռայլությունների հետևից և ստվեր նետենք դպրոցի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է դպրոցի հեղինակությունը պահի»,- ասաց զրուցակիցս ու ևս մեկ խնդիր ընդգծեց, այն է` դպրոցներում պետք է գործի համակեցության կանոն, այսինքն՝ հարուստ երեխան չպետք է իր ունևորությունը ցուցադրի` վատ վիճակի մեջ գցելով չունևոր երեխային: «Թող ունևորությունն իրենց տներում ընդգծեն` իրենց երեխաների համար ճոխ խնջույքներ կազմակերպելով, որ ավելորդ ցավ չպատճառեն աղքատ երեխաներին»,- ավելացրեց ՀՀԿ-ական գործիչը:
Այսուհանդերձ, Ռուզան Մուրադյանը լավատես է և կարծում է, որ դպրոցում տիրող հոռի բարքերը հնարավոր է շուտ վերացնել, եթե երեխա-ծնող-դպրոց շղթան հօգուտ կրթության աշխատի, ո՛չ ձևականությունների: Այսօրվա շրջանավարտներին էլ մեր զրուցակիցը բարեմաղթանքներ հղեց` հորդորելով իրական արժեքներով ապրել ու սեփական գիտելիքներով հարթել սեփական ճանապարհը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ